«Իրատեսի» զրուցակիցն է «Ախթալա» արհեստակցական կազմակերպության նախագահ ՍԱՍՈՒՆ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ:
-Ինչո՞ւ որոշեցիք հիմնել «Ախթալա» արհեստակցական կազմակերպությունը:
-Կազմակերպության ստեղծման անհրաժեշտությունը արդեն իսկ զգացվում էր 2011-2012 թթ., երբ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի (ԼՀԿ) մի շարք աշխատակիցներ դուրս եկան բողոքի ակցիայի՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում, ինչպես նաև սոցիալական, մշակութային և այլ հարցերի շուրջ բողոքի ձայնը բարձրացնելու: Այն ժամանակ նախաձեռնող խումբը որոշեց ստեղծել արհկոմ, սակայն ինչ-ինչ պատճառներով այդպես էլ արհեստակցական կազմակեպության ստեղծումը իրականություն չդարձավ: Արհկոմ չունենալը բացասական ազդեցություն է թողել ԼՀԿ-ի աշխատակիցների վրա, ինչից օգտվում էր կոմբինատի տնօրենությունը, տուժում բանվոր դասակարգը: Երբ 2014-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կոմբինատի բոլոր աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը փոփոխվեցին, հիմնականում կապված աշխատավարձերի հետ՝ իջեցվեցին աշխատավարձերը, ավելացվեց աշխատանքային ծավալը, բանավոր կերպով կոմբինատի տնօրենությունը վստահեցրեց, որ ֆիքսված արտադրության ծավալի կատարման պարագայում (ամսական 1200-1400 տոննա պղնձի խտանյութ) աշխատակիցները կստանան հավելավճար, ինչը և կլրացնի իջեցված դրույքաչափը: Եթե լիներ արհկազմակերպություն, զբաղվեր այդ հարցերով, ապա ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր աշխատանքային պայմանագրերը նման կերպ չէին խախտվի: Իսկ երբ 2014-ի փետրվարի 14-ին աշխատավորությունը դուրս եկավ ինքնաբուխ հավաքի՝ պահանջելով խոստացված հավելավճարները ֆիքսված արտադրության ծավալի գերակատարման դիմաց, տնօրենությունը իր խոստումները չկատարելու ողջ մեղքը կապեց միջազգային շուկայում պղնձի գների անկման հետ: Եվ որպեսզի մեկ անգամ ևս լռեցնի իրենց իրավունքների համար պայքարող աշխատակիցներին, մեկ գիշերվա ընթացքում 13 հոգու ազատեցին աշխատանքից՝ սուտ և անհիմն պատճառաբանություններով: Իհարկե, հետագան ցույց տվեց, որ արդարության ուժը միասնության մեջ է, և ինչպես ժողովուրդն է ասում՝ «գյուղ կանգնի, գերան կկոտրի»: Մամուլում արդեն հրապարակումներ եղել են, թե ինչպես կոմբինատի հեռացված աշխատակիցներին աշխատանքի վերականգման գործընթացում ակտիվ աջակցություն ցուցաբերեցին Civilvoice հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն ու իրավաբանները, ինչի համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրանց: Այս վերջին զարգացումներից հետո ես իմ առջև խնդիր դրեցի օր առաջ կազմակերպել և ստեղծել արհեստակցական կազմակերպություն, որը և կզբաղվի կոմբինատի յուրաքանչյուր աշխատակցի շահերի պաշտպանությամբ, կոմբինատի բնապահպանական, սոցիալական, մշակութային և նմանատիպ այլ խնդիրներով: «Ախթալա» արհեստակցական կազմակերպությունը արդեն գործող կազմակերպություն է, գրանցված ՀՀ արդարադատության նախարարության պետռեգիստրում, ունի իր կանոնադրությունը, իր կնիքը, գումարել է առաջին համաժողովը և արդեն ունի 150 անդամ:
-Ախթալայի ԼՀԿ-ի տնօրենության աշխատանքը ինչպե՞ս եք գնահատում:
-Ի դեմս գլխավոր տնօրեն Մարտիկ Հակոբյանի, կոմբինատի տնօրենի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից բարձրացվեց աշխատանքային ծավալը, ավելացվեց աշխատակիցների թվաքանակը՝ իջեցնելով աշխատավարձերը: 2008-ին կոմբինատում աշխատում էր 500 հոգի, արտադրության ծավալը ամսական կազմում էր 300 տոննա և միջին աշխատավարձն էր 115000 դրամ: 2015-ին աշխատակիցների թվաքանակը դարձել է 700, արտադրության ծավալը ամսական կազմում է 1400 տոննա և միջին աշխատավարձն է 105000 դրամ: Եթե ուշադիր նայենք թվերի այս տրամաբանությանը, ապա անհասկանալին ավելի շատ է՝ չհաշված, որ 2008-ին առաջին անհրաժեշտության սննդամթերքների գները մոտ 2 անգամ ցածր էին: Ես, որպես Ախթալա համայնքի ավագանու անդամ, պիտի արձագանքեմ նաև այն բանին, որ ԼՀԿ-ի տնօրենությունը որևէ կերպ չի նպաստում համայնքի զարգացման, բարեկարգման, մշակութային ծրագրերին: Այս ամենը և՛ աշխատակիցների, և՛ ԼՀԿ-ի աշխատակիցների, և՛ համայնքի այլ բնակիչների զայրույթն է արթնացնում, ինչի պատճառով էլ վերջին գործադուլների ժամանակ մեր կողքին կանգնած էին Ախթալայի համայնքի մի շարք չաշխատող քաղաքացիներ:
-Կոմբինատը աշխատողների համար սոցիալական ծրագրեր իրականացնո՞ւմ է, թե՞ ոչ:
-ԼՀԿ-ի աշխատակիցների համար որևէ ծրագիր չի իրականացվում: Այսօր մենք ունենք բավականին լուրջ մտահոգություններ աշխատակիցների աշխատանքային պայմանների չբարելավման, սոցիալական ծրագրերի չկատարման վերաբերյալ: Մասնավորապես խնդիրները կապված են ջարդման արտադրամասի փոշեհեռացման համակարգի բացակայության, բանվորական արտահագուստների ժամանակին չտրամադրման, ստորգետնյա հանքահորերում աշխատանքային անվտանգության կանոնների բացակայության հետ:
«Ախթալա» արհեստակցական կազմակերպությունն ամեն ինչ անելու է նշված խնդիրների բարձրաձայնման և լուծման համար:
Զրույցը` Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԻ